Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան

Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը: Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով: Օրինակ՝ թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ և այլն։

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մոտ: Նրանց երկարությունը 10−12սմ է, իսկ լայնությունը՝ 5−6սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200գ: Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը: Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը:

Оставьте комментарий